Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի մեկնարկից առաջ հարցազրույց է տվել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին. «Իր բնույթով «Ռեալ Մադրիդը» Չեմպիոնների լիգայի ակումբ է: Այդ մասին է խոսում պատմությունն ու վիճակագրությունը: Ոչ մի այլ ակումբ 9 անգամ չի դարձել Չեմպիոնների գավաթակիր: Ես կարծում եմ՝ չկա որևէ ուղղակի ճանապարհ այսպիսի հաջողության հասնելու համար: Դրան կարելի է հասնել միայն լավ աշխատելով, լավ խաղալով, լավ մտածելով, ամեն ինչ լավ պլանավորելով, յուրաքանչյուր խաղում հաղթելու մոտիվացիա և ցանկություն ունենալով: Սակայն այս ամենն էլ հաշվի առնելով, ֆուտբոլն անկանխատեսելի է: Շատ մարզաձևերում միշտ չէ, որ լավագույն ակումբն է հաղթում»,- ասում է Մոուրինյոն:
Արքայական
ակումբի մարզիչը նշել է, որ, իհարկե, իրեն տխրեցրել են նախորդ երկու
խաղարկությունների կիսաեզրափակիչներում պայքարից դուրս մնալը, սակայն
ընդգծել է, որ կարողացել է հաջողությունների հասնել մադրիդյան ակումբի հետ՝
Իսպանիայում «Բարսելոնայի» գերակայությունն ընդհատելուց բացի առաջընթաց
գրանցելով նաև եվրոպական ասպարեզում. «Երբ ես եկա «Ռեալ Մադրիդ», ակումբը
վիճակահանության ժամանակ առաջին զամբյուղում չէր և դա շատ բանի մասին է
խոսում: Եթե չեմ սխալվում 10-րդն էր դասակարգման աղյուսակում: Նախորդ
մրցաշրջանում մեր անցած ճանապարհի արդյունքում հայտնվեցինք առաջին
զամբյուղի թիմերի թվում: Երկու տարի անընդմեջ հասնելով մինչև
կիսաեզրափակիչ՝ մենք հաստատեցինք մեր տեղը առաջին զամբյուղների թիմերի մեջ և
ցանկանում ենք ամրագրել: Ամեն ինչ կանեք այս խաղարկությունում մինչև
եզրափակիչ հասնելու և «Ռեալ Մադրիդի» համար 10-րդ Չեմպիոնների գավաթը
նվաճելու համար»,- ընդգծում է «Ռեալի» մարզիչը:
Չնայած
նախորդ մրցաշրջանի տպավորիչ արդյունքներին, նոր մրցաշրջանից առաջ էլ
«Ռեալը» ձեռքբերումներ ունեցավ. «Մադրիդի «Ռեալում» մենք որոշեցինք աշխատել
համեմատաբար փոքր կազմի հետ, այդ պատճառով կարևոր էր թիմում ունենալ շատ
բազմաֆունկցիոնալ խաղացողներ: Նրանք կարող են խաղալ տարբեր դիրքերում և
թիմին բերել հավասարակշռություն և կայունություն, որի կարիքը զգում ենք:
Մոդրիչը բավարարում է այդ պահանջներին, քանի որ կարող է խաղալ և՛ որպես 6
համար, և՛ որպես 8 համար, և՛ որպես 10 համար: Նա օժտված է մեծ
ֆուտբոլիստներին բնորոշ կախարդանքով. նա ունի ինչպես անհատական, այնպես էլ
տակտիկական մեծ տաղանդ: Մյուս ֆուտբոլիստը Էսիենն է, որին շատ լավ եմ
ճանաչում: Նրա հետ աշխատել եմ մոտ երեք մրցաշրջան, և նրա փորձը կարող է մեզ
բերել այն հավասարակշռությունը, որը պետք է ինչպես պաշտպանողական ոճի
կիսապաշտպանի դիրքում, այնպես էլ պաշտպանությունում, որտեղ նա նույնպես
կարող է հիանալի խաղալ»,- նշել է պորտուգալացի մասնագետը:
Մոուրինյոն
նաև իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի այն խմբի մասին, որտեղ
«Մանչեսթեր Սիթիի», Դորտմունդի «Բուրուսիայի» և Ամստերդամի «Այաքսի» հետ
միասին հայտնվել է «Ռեալը». «Մենք խոսում ենք չորս չեմպիոնից կազմված խմբի
մասին: Չորս կարևոր առաջնությունների չորս հաղթողներ՝ հատկապես Գերմանիան,
Իսպանիան և Անգլիան: Սակայն «Այաքսն» էլ մեծ պատմություն ունեցող ակումբ է,
այնպես որ գլխավոր նպատակը ոչ թե բոլոր վեց խաղերում հաղթելն է, այլ
խմբային փուլի արգելքը հաղթահարելը, որից հետո կփորձենք զարգացնել
հաջողությունը: Ակնհայտ է, որ այս խմբում թիմերը շատ միավորներ կբաժանեն
միմյանց միջև»,- եզրափակել է Մոուրինյոն:
Հարցազրույցի տեսանյութը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ:
Комментариев нет:
Отправить комментарий